Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Պատերազմից օգտվում են նրանք, ովքեր հայրենիք, հայրենասիրություն հասկացությունների հետ կապ չունեն»

«Պատերազմից օգտվում են նրանք, ովքեր հայրենիք, հայրենասիրություն  հասկացությունների հետ կապ չունեն»
28.06.2012 | 23:59

«Իրատես de facto»-ի հյուրը գրող, ազատամարտիկ ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆՆ է:

-Ասում են` պատերազմն այլափոխում է մարդուն: Ինչպիսի՞ն էիք պատերազմից առաջ և հետո:
-Պատերազմը փոխում է մարդու հոգեբանությունը: Ես տարբեր տեսակի փոփոխություններ եմ տեսել: Եթե մարդը թույլ է հոգեպես, կարող է կործանվել վախից: Երբ առաջին անգամ մտնում ես պատերազմի դաշտ, անասելի վախ ես ապրում: Գիտես, որ կարող ես վիրավորվել, մեռնել, առաջին պահի վախը հաղթահարեցիր, դառնում ես զինվոր: Ով չի դիմանում, վատ փոփոխություն է կրում, անգամ կան մարդիկ, որ հոգեկան հիվանդություն են ձեռք բերում, կամ մարմինը, գլուխը ուռչում են վախից: Հիմնականում, կարելի է ասել` 90 տոկոսը, վախը հաղթահարում են: Ավելի ուժեղ են դառնում: Պատերազմի ժամանակ կտրվում ես առօրյա հոգսերից, հիմնական մտածմունքդ ապրելն է, չմեռնելը, մի քիչ էլ դաժանանում ես: Հիմա եթե ես մրջյուն եմ տեսնում ոտքիս տակ, փորձում եմ չտրորել, բայց կռվի դաշտում մարդ եմ սպանել: Այսպիսի հսկայական փոփոխություն է մարդու հետ կատարվում:
-Ազատամարտիկներից շատերը, մի տեսակ, օտարվել են կյանքից, հասարակությունից: Պատերազմը, ասես, ոչ թե հերոսացրել, այլ խեղաթյուրել է նրանցից շատերի կերպարն ու կյանքը, վերածել «դռներ թակողի», «օգնություն խնդրողի»: Ինչո՞ւ:
-Դա, իհարկե, անձի հետ չի կապված, այլ ընդհանուր իրավիճակի: Արցախյան ազատամարտից հետո մեծ փոփոխություններ կատարվեցին` գլոբալ, երկրի մասշտաբով: Դու պատերազմում դառնում ես տեր ու տիրական, քո զենքն է, դու զինվոր ես, դու ամենակարող ես, իշխանություն ունես, կարող ես սպանել և այլն: Հինգ տարի այդ հոգեբանությունը ձևավորվում է մարդու մեջ, հետո վերադառնում ես, տեսնում լրիվ ուրիշ աշխարհ: Մինչ դու կռվել ես, մարդիկ այստեղ խանութներ են բացել, հարստացել են, մանկապարտեզներ են սեփականաշնորհել, մի խոսքով, իրենք իրենց հարցերը լուծել են, դու մնացել ես կյանքից դուրս: Դա պատերազմի ու խաղաղության ընդհանուր օրենքն է, բայց մեզանում այն շատ ահավոր ձևով դրսևորվեց: Ոչնչությունները դարձան ամենակարող, անգրագետները` նախարարներ, գեներալներ: Իմ ընկերներից շատերը դրսում են այսօր:
-Այսինքն, պատերազմից օգտվում են` սեփական շահն առաջ տանելով։
-Օգտվում են նրանք, ովքեր հայրենիք, հայրենասիրություն հասկացությունների հետ ընդհանրապես կապ չունեն: Բացի դրանից, պետականորեն ոչինչ չի արվում երկրապահի համար, բացարձակ ոչ մի արտոնություն պատերազմի մասնակից երկրապահը չունի: Մի անգամ այդ հարցը դրվեց Ազգային ժողովում (Գերագույն խորհուրդ էր այն ժամանակ), Վազգեն Սարգսյանն ասաց` երկիրն աղքատ է, սպասեք, լավ օրեր կգան, ամեն հարց կլուծվի: Բայց լավ օրերն այդպես էլ չեկան: Սկզբնական շրջանում, ներքին պայմանավորվածությամբ, կենցաղսպասարկման վճարները զեղչում էին, դա էլ վերացավ: Նոր տարուն կանչում, տոպրակ են տալիս` լիմոնադ, 10 հատ ձու, սատկած հավ: Ինչո՞վ է զբաղվում երկրապահի վարչությունն այսօր: Լրիվ ուրիշ գործերով: Այդ հարցը նա՛ պետք է բարձրացնի:
-Խաղաղ կյանքո՞ւմ է հեշտ հաղթելը, թե՞ պատերազմի դաշտում:
-Պատերազմի դաշտում տասն անգամ ավելի հեշտ է` և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես: Այնտեղ ամեն ինչ որոշակի է. թուրքը թշնամիդ է, զենքը ձեռքին գալիս է, պետք է սպանես: Այստեղ չգիտես` թո՞ւրքն ով է, հա՞յն ով է, ով է թշնամիդ, ով` բարեկամդ: Եթե դեմ դուրս գաս, բարեկամիդ դեմ ես դուրս գալու, ինչը շատ դժվար է: Ստիպված թողնում, գնում են:
-Պրոպագանդվո՞ւմ է այսօր ազատամարտի թեմայով ստեղծվող գրականությունը:
-Ոչ, նախ տպագրելու խնդիր կա: Իմ գրքերի մեծ մասը ես մասնավոր անձանց հովանավորությամբ եմ տպագրել: Պետպատվերով տպագրվել է միայն «Բաժանարար գիծը» պատմվածքների ժողովածուն: Վերջերս, նորից մասնավոր հովանավորությամբ, 400 տպաքանակով լույս է տեսել «Կանթեղ» վեպը, ձեռքից ձեռք են փոխանցում: Բացարձակապես ոչինչ չի արվում ո՛չ այդ գրականությունը տպագրելու առումով, ո՛չ հրատարակածն ընթերցողին հասցնելու, միայն բողոքում են, ասում են` պատերազմի մասին չեն գրում, բայց դա անգիտություն է: Շատ գրողներ են անդրադառնում մերօրյա պատերազմի թեմային: Ես անձամբ 6 գիրք եմ գրել, բայց ընթերցողին չի հասնում:
-Ասում են` գրականությունը կեղծիքից մաքրում է պատմությունը: Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է գրել բանակի, պատերազմի մասին:
-Պետք է շատ զգույշ գրել: Կարող ես նաև քննադատել, բայց ո՛չ այնպես, որ մարդիկ հիասթափվեն: Կան թերություններ, բայց պետք չէ եղածն էլ քանդել: Պետք է ոգևորես, ուղի ցույց տաս, գրականությամբ պետք է մարդկանց մեջ սեր առաջացնես քո հայրենիքի, քո բանակի նկատմամբ:
-Այսօր լրատվամիջոցներով, սոցցանցերով, նաև գրականությամբ ասվում է ամեն ինչ բանակի մասին, և այդ «ամեն ինչում» մեծ թիվ է կազմում «վատը»:
-Սուտ են ասում: Ես 7 տարի ծառայել եմ, «Զինուժում» աշխատել եմ որպես լրագրող, եղել եմ բոլոր զորամասերում: Խորհրդային բանակի միայն սպասքից սիրտդ խառնում էր, մեր բանակում օգտագործում են չժանգոտվող պողպատից սպասք, զինվորն ամեն օր միս ու կարագ է ուտում, այն դեպքում, երբ շատերն իրենց տանը շաբաթը կամ ամիսը մեկ են միս կերել:
-Սպանված զինվորների ծնողներն ակցիաներ են կազմակերպում…
-Բոլոր բանակներում էլ կան սպանվողներ, կան վատ հրամանատարներ: Մեր բանակը ընդամենը 20 տարեկան է: Պետք է ոչ թե համեմատենք Ֆրանսիայի, Ամերիկայի բանակների հետ և ասենք, վատն է, այլ Վրաստանի, Ադրբեջանի: Գույները խտացնում են, շոու սարքելու համար ուշքները գնում է: Ճիշտ է, յուրաքանչյուր ծնողի համար մեծ ցավ է սեփական զավակի կորուստը, հատկապես, եթե թշնամու գնդակից չի ընկնում, այլ ընկերոջ, հրամանատարի: Սակայն այդպիսի միջադեպեր լինում են բոլոր բանակներում: Դա ոչ թե մեր բանակի արատն է, այլ հասարակության, այդ միջավայրից դուրս եկած հրամանատարի: Օրական ինչքա՜ն մարդ է զոհվում փողոցային կռիվներից, «ռազբորկաներից», ավտովթարներից…
-Ազատամարտին նվիրված Ձեր գործերն իրակա՞ն հիմք ունեն:
-Երեքը փաստավավերագրական են, իսկ գեղարվեստական գրքերն իրական հենքի վրա են գրված: «Կանթեղ» վեպում օգտագործվել է պատերազմի դաշտում իմ պահած օրագիրը: Ամեն օր գրանցել եմ փաստերը, ոչինչ հնարովի չէ:
-Ասում են` ոչինչ չի մոռացվում. հակառակը երբևէ զգացե՞լ եք:
-«Վերևները» մոռանում են, երբեմն էլ գիտակցաբար մոռացության տալիս, բայց մենք` կռված տղաներս, իրար չենք մոռանում, պատերազմի դաշտի եղբայրությունն ամենաթանկ բանն է:

Զրույցը վարեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ